ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՆԱՏՕ-ն՝ հզոր ռազմական դաշինք, որ ունի ամենախիստ պաշտպանական դիրքորոշում

ՆԱՏՕ-ն՝ հզոր ռազմական դաշինք, որ ունի ամենախիստ պաշտպանական դիրքորոշում
13.11.2015 | 00:32

«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով նոյեմբերի 9-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը լարված տարածաշրջանային համատեքստում և ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության խորհրդարանական ու մարդկային հարթությունները: Համաժողովին ներկա էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ:

Բացելով համաժողովը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, թե ինչու է իր ղեկավարած կենտրոնն ակտիվ աշխատում ՆԱՏՕ-ի հետ. «ՆԱՏՕ-ն աշխարհում ամենազարգացած և ուժեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերից մեկն է: ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ աշխատում է փոխլրացման սկզբունքով: Այս համագործակցությունն ուղղված չէ այլ երկրների դեմ և ՆԱՏՕ-ն չի աջակցում տարածաշրջանի ռազմականացմանը՝ աջ ու ձախ զենք չի վաճառում»:
Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ նշեց, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգանում են` ներառելով բազմազան շրջանակ: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, նրա գնահատմամբ, հիմնված է փոխադարձ շահերի վրա՝ նպաստելով Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը: Այդ համագործակցության շնորհիվ Հայաստանն ակտիվ դերակատարություն ունի միջազգային անվտանգության ապահովման գործում: Պատգամավորը պատմական ակնարկով ներկայացրեց 2004-ից սկսված խաղաղապահ առաքելությունը, նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություն՝ պատրաստել ու ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելու համար: Նա կարևորեց ՆԱՏՕ-ի դերը Հայաստանի զինված ուժերում ռազմական կրթության, բազմաբնույթ վարժանքներում, պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում փորձագիտական աջակցության առումով, անդրադարձավ ԱԳԳԾ-ին և հակաահաբեկչական պայքարին նոր պայմաններում:
Հայաստանում ԳԴՀ դեսպան ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐԸ նշեց, որ ԳԴՀ դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ընդունեց ՆԱՏՕ-ում Հայաստանի կոնտակտ դեսպանատան պարտականությունը և ՆԱՏՕ-ի շաբաթից հետո նման վեհաժողովը համարեց շատ կարևոր: Նա հիշեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջիններից մեկը 1992-ից սկսեց աշխատել ՆԱՏՕ-ի հետ և այս ընթացքում ընդլայնել ու խորացրել է համագործակցությունը կառույցի հետ: Դեսպանն անդրադարձավ 2014-ին ընդունված փաթեթին՝ Հայաստանի հատուկ կարիքները բավարարելու համար, չորրորդ ԱԳԳԾ-ին և շեշտեց, որ Հայաստանն ապացուցել է իր ռազմական կարողությունները խաղաղարար առաքելությունների ժամանակ: Ճգնաժամային իրավիճակում ՆԱՏՕ-ում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, ըստ դեսպանի, փոփոխվող անվտանգության միջավայրի խնդիրներին է նվիրված լինելու Վարշավայի գագաթնաժողովը՝ 2016-ի հուլիսին:
Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ ՊԻՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍ ԲՈԽՄԱՆԸ նշեց, որ իրենց նպատակն է խթանել ազատության սկզբունքները հասարակության բոլոր խավերի համար: Հիմնադրամի խնդիրը տարածաշրջանում ազատական գաղափարների տարածումն է քաղաքական երկխոսության միջոցով: «Արդար գործընկերությունը չափազանց կարևոր է հաջողության համար»՝ ըստ պարոն Բոխմանի:
ՀՀ արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի պետ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մանրամասն ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունների պատմությունը: ԱԳԳԾ չորրորդ ծրագիրը 2014-2016-ի համար սահմանում է գործողությունները, որ համատեղ իրականացվելու են: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ չորս ուղղություններով է աշխատում: Առաջինը քաղաքական երկխոսությունն է: Երկրորդը համագործակցությունն է պաշտպանության և անվտանգության ոլորտներում, երրորդը՝ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման կարողություններն են, բնապահպանական համագործակցությունը: Չորրորդը հանրային իրազեկումն է: Պարոն Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձավ բոլոր ուղղություններին ու ՆԱՏՕ-ի հինգերորդ շաբաթին Հայաստանում:
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ կարծում է, որ առաջացել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը անվտանգության նոր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն: ՈՒելսի գագաթնաժողովը չտվեց բոլոր հարցերի պատասխանը և Վարշավայի գագաթնաժողովը կարող է լրացուցիչ ճշգրտումներ բերել ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ ընդհանրապես և Հարավային Կովկասում մասնավորապես: Գագաթնաժողովի հռչակագիրը կարող է վճռորոշ լինել և պետք է հստակ ուրվագծի ՆԱՏՕ-ի վերջնանպատակը գլոբալ ու տարածաշրջանային կտրվածքով: Արա Մեսրոպյանը համոզված է, որ ՆԱՏՕ-ն պետք է զերծ մնա արդեն տասը տարի հռչակագրերում կրկնվող Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի անկախության և տարածքային ամբողջականության ու սուվերեն աջակցության, սառեցված հակամարտություններին վերաբերող ոչինչ չասող ու ընդհանրացված ձևակերպումներից և փոխարենը մատնանշի յուրաքանչյուր պետության, սառեցված կամ չսառեցված հակամարտության նկատմամբ իր քաղաքականությունը: Կոնսենսուսի բացակայության դեպքում ՊՆ պաշտոնյան առաջարկեց կամ ընդհանրապես չանդրադառնալ խնդրին, կամ կողմերին կոչ անել բանակցությունները վերսկսել և հրաժարվել ուժային մեթոդներից: «ՆԱՏՕ-ի նոր քաղաքականությունը պետք է լինի հասցեական»՝ բանաձևեց Արա Մեսրոպյանը: Նա ամփոփեց, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները չունեն քաղաքական նկրտումներ, այլ ձևավորվում են բնականորեն՝ բխելով Հայաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությանը ուղղված սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունից: ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության սահմանին անդրադառնալով՝ նա հայտարարեց, որ չի կարելի քարացած մոտեցումներ ցուցաբերել, կենդանի գործընթաց է, միջազգային հարաբերություններն անընդհատ զարգանում են, ի հայտ են բերում անվտանգության ապահովման տարաբնույթ խնդիրներ և ազգային-պետական շահերից էլ կբխի այս կամ այն կառույցի հետ համագործակցությունը:
ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար ԳՈՒԻԴՈ ՀԻԼԴՆԵՐՆ էլ այն կարծիքին է, որ մենք ապրում ենք դրամատիկ ժամանակներում ու դրամատիկ հեռանկարներով: ՆԱՏՕ-ն շրջապատված է ճգնաժամերի բազմությամբ, Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային անվտանգության ճարտարապետությանը՝ բռնակցելով Ղրիմը և մուտք գործելով Արևելյան ՈՒկրաինա: ՈՒկրաինայի իրավիճակը պետք է նոր լույս սփռի Աբխազիայում, Օսիայում և ԼՂՀ-ում սառեցված հակամարտությունների վրա: Նա անդրադարձավ տարբեր աշխարհամասերում ՆԱՏՕ-ի հետաքրքրությունների շրջանակին, և նշեց, որ հակամարտությունները չեն ավարտվում ՆԱՏՕ-ի սահմաններին, Եվրոպա մուտք գործող հարյուր հազարավոր փախստականները փոխում են իրավիճակը: «ԻՊ-ի ամբողջական սպառնալիքի ծավալները մենք դեռ չենք կարողանում գնահատել»,- ասաց Գուիդո Հիլդները` արձանագրելով, որ Եվրոպան հայտնվել է իրավիճակի ուսումնասիրության ու ուսումնառության գործընթացում: Եվրոպացիները կարծում էին, որ ապրում են կայուն ու անվտանգ միջավայրում, շրջապատված են գործընկերներով, բայց զարգացումները վկայում են, որ նրանք իրենց անվտանգությունը չեն կարողանում ապահովել, և եվրոպական անվտանգության խնդիրները պահանջում են նոր մտածելակերպ, նոր ռեսուրսներ ու նոր դիրքորոշում: Վարշավայի գագաթնաժողովը, նրա կարծիքով, կշարունակի որոշարկումները, որ ՆԱՏՕ-ն մնա ամենահզոր ռազմական դաշինքը, որ ունի ամենախիստ պաշտպանական դիրքորոշում: Գործընկերությունները ՆԱՏՕ-ի համար առավել կարևոր են դարձել՝ սա Բրյուսելի գնահատականն է, և Բրյուսելը սպասում է արձագանքների ու համագործակցության առաջարկների:
ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի աշխատակից ՇՏԵՖԵՆ ԷԼԳԵՐՍՄԱՆ կարևորեց, որ Հայաստանը հստակ ներկայացնի, թե ՆԱՏՕ-ի հետ աշխատանքներում ինչի՞ է ցանկանում հասնել, որովհետև հաջորդ տարի պետք է կազմվի անհատական գործընկերության նոր ծրագիրը: Անվտանգության նոր միջավայրին, ՈՒկրաինայի իրավիճակին ՆԱՏՕ-ի դաշնակիցները և Հայաստանը ի՞նչ դիտակետից են նայում՝ սա Շտեֆեն Էլգերսմայի առաջին հարցն էր, որ այդպես էլ պատասխան չստացավ: Նա ցանկանում էր նոր ԱԳԳԾ-ն կազմելուց առաջ միավորել բոլոր լավագույն ջանքերը և ասաց, որ ՆԱՏՕ-ն ու նրա գործընկեր պետությունները պետք է առաջարկությունները համադրեն ու պարզեն իրականացման հնարավորությունները: Շտեֆան Էլգերսման կարևորեց կիբեռանվտանգության ոլորտը, որ բոլոր պետություններին է վերաբերում: Համաժողովի առաջին նիստն ամփոփող հարց ու պատասխանը թերևս ավելի հետաքրքիր էր ելույթներից: Կորյուն Նահապետյանին հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ն ի՞նչ քայլեր է նախատեսում, որ Հայաստանը կարողանա ԱԳԳԾ-ով ծրագրված միջոցառումները իրականացնել, և ի՞նչ դասեր է քաղել ՆԱՏՕ-ն` հաշվի առնելով, որ արդեն չորրորդ ԱԳԳԾ-ն է իրականացվում: Վարշավայի գագաթնաժողովից առաջ պատգամավորը կարևոր համարեց, որ ՆԱՏՕ-ի քարտուղարությունը խորհրդակցություններ անցկացնի գործընկեր պետությունների հետ՝ հաշվի առնելով, որ Վարշավայում ընդունվելու է նոր հռչակագիր, որը գնահատում է իրավիճակը տարածաշրջաններում ու ուղենշում անելիքները: Մասնավորապես նա այդ խնդիրը կարևորեց Հայաստանի համար և առաջարկեց խորհրդատվական պատվիրակությունների այցեր կազմակերպել: Թևան Պողոսյանը ցանկանում էր իմանալ, թե ի՞նչ անելիքներ կան Հայաստանում և ո՞րն է Հայաստանի դերը, նա կարևորեց հասարակության իրազեկվածությունը: Պարոն Պողոսյանը ԱԳԳԾ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը զրոյական որակեց՝ բացի ընդհանուր ձևակերպումներից ոչ ոք տեղյակ չէ գործողությունների ծրագրով նախատեսված քայլերից ու ակնկալվող արդյունքներից: Նա ընդունում է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ն չեզոք է մնում սպառազինությունների մրցավազքից, բայց տարածաշրջանում սպառազինման մակարդակ է բարձրանում:
Շտեֆեն Էլգերսման համաձայն էր, որ քաղաքական երկխոսությանը նոր դինամիկա պետք է հաղորդվի, և Վարշավայի գագաթնաժողովի նախօրեին դեռ չկա փոխհամաձայնեցված միջոցառումների ծրագիր, ըստ որի Հայաստանը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կարող էր խորհրդակցել և անելիքները ճշտել: Նա նշեց, որ ամեն տարի Հայաստանը հնարավորություն ունի ընտրելու և ընտրում է 1500 գործողությունների առաջարկվող ցանկից, որոնք ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է: Նա թվարկեց մի քանի ծրագրեր, որ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են տարբեր ոլորտներում: Հանրային իրազեկման անբավարար մակարդակը նա ևս ընդունեց և ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակվեն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ նա մեջբերեց ընդհանուր տեսակետը, որ նորմալացումը ռազմավարական մեծ օգուտ կտա ողջ տարածաշրջանին, բայց նշեց, որ ՆԱՏՕ-ն այդ գործընթացի առաջնագծում չէ: Գուիդո Հիլդները կարծում է, որ կառույցն ու նրա դաշնակիցները սովորում են գնահատել մարտահրավերների խորքային պատճառները, բարձրացնել դիմադրողականությունն ու տոկունությունը: Հիլդները նշեց, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի տարեկան բյուջեին շոշափելի գումար է հատկացրել՝ մի քանի հարյուր միլիոն եվրո՝ լուծելու վտանգված երկրների խնդիրները: Հայաստանը այդ ցանկում չկա և չի համարվում վտանգված երկիր, հիմնականում գումարներն ուղղվում են Իրաք, Սիրիա, Լիբիա: Փախստականների հարցին առաջինը Եվրոպայում արձագանքում է ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն այդ հարցով չի զբաղվում: ՆԱՏՕ-ում Գերմանիան իր առաջիկա նախագահության շրջանակներն արդեն ուրվագծել է: Գուիդո Հիլդները նշեց նորմանդական քառյակը, որի անդամ է Գերմանիան, և ասաց, որ ՈՒկրաինայի ճգնաժամի հանգուցալուծումը ընդհանուր տարածաշրջանի համար դրական նշանակություն կունենա: Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ՆԱՏՕ-ն դիտում է որպես Հայաստանի ինքնիշխան որոշում և չի մեկնաբանում՝ հարգելով ՀՀ ընտրությունը, որը ՆԱՏՕ-ի համար խնդիր չէ: Գուիդո Հիլդները նշեց, որ ՆԱՏՕ-ի համար ֆորմալ առումով գործընկեր երկիր է և Ռուսաստանը, թեպետ Ղրիմի անեքսիայից հետո գործնական համագործակցությունը առկախված է, բայց երկխոսությունը Ռուսաստանի հետ կա և ցանկացած պահի կարող է ակտիվացվել:
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության խորհրդարանական և մարդկային հարթություններին անդրադարձան ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Թևան Պողոսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. -Ժամը 11-ից առանց ընդմիջման համարյա մինչև 15-ը՝ ելույթներ, հարցեր, պատասխաններ, տեսակետներ՝ հետաքրքիր քննարկում, որտեղ մտքի շարժը մտքի խաղ չէր: Եվ, այնուամենայնիվ, փողոց դուրս գալով «Կոնգրես» հյուրանոցից ու անձրևոտ Երևանով քայլելիս ավելի շատ զգացողությունը, քան քննարկման տպավորությունն էր մեջս մնացել: Երբ հազար տարի առաջ հարցազրույց էի անում ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանի հետ, ու նա պատմում էր Հայաստանի Հանրապետության ու ՆԱՏՕ-ի համագործակցության մասին, դա հնչում էր իբրև սենսացիա: Այսօր սենսացիա չկա, կա տարբեր ոլորտներում համագործակցություն, որտեղ ՆԱՏՕ-ն, ինչպես Շտեֆեն Էլգերսման ասաց՝ Հայաստանի առաջ չունի կարմիր գծեր, համագործակցության որակն ու մակարդակը, ԱԳԳԾ-ի շրջանակները որոշում է Հայաստանը: ՆԱՏՕ-ն ներկայացնող Շտեֆեն Էլգերսման, Գուիդո Հիլդները, Մաթիաս Քիսլերը, Պիտեր-Անդրեաս Բոխմանը և Հայաստանը ներկայացնող օրենսդիր, գործադիր պաշտոնյաները, այնուամենայնիվ, խիստ տարբերվում էին միմյանցից իրենց մտածողության համակարգով: Նրանք ներկայացնում էին աշխարհն իր խնդիրներով՝ մերոնք, չգիտես ինչու, նորից մտել էին պահանջատիրոջ դերի մեջ ու առանց պատասխանելու, թե Հայաստանը ի՞նչ է ցանկանում ՆԱՏՕ-ից ստանալ ու ի՞նչ է պատրաստ տալ, անընդհատ հարցնում էին՝ ի՞նչ է մտադիր ՆԱՏՕ-ն անել Հայաստանի համար: Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը սկսվել է 1992-ին, քիչ ժամանակ չէ: 1994-ին Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Անհատական գործընկերության գործողությունների իր առաջին ծրագիրը Հայաստանը ՆԱՏՕ-ին է ներկայացրել 2005-ին և հիմա արդեն՝ չորրորդ ԱԳԳԾ-ն է՝ 2014-2016-ի համար: Այդ անբարեհունչ ԱԳԳԾ-ն ներառում է զինված ուժերից մինչև աղետների նվազեցում ու ճգնաժամային կառավարում, արտակարգ իրավիճակներ ու բնապահպանություն, ու իսկապես մենք այնքան քիչ գիտենք թե ԱԳԳԾ-ների, թե ՆԱՏՕ-ի, թե մեր ցանկությունների ու անելիքների մասին: ՈՒ պատճառն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ի զրահաբաճկոնն ենք գերադասում, պատճառը մեր կաղապարված մտածողությունն է, որը թոթափելու փորձերի առաջարկից առաջ բողոք է ձևակերպվում:

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ